ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ոռնում եք, որ ի՞նչ անեք

Ոռնում եք, որ ի՞նչ անեք
15.11.2016 | 00:25

Անցած շաբաթ օրը որոշեցի վայելել Երևանի հուրհրան աշունը՝ ոտքով հասնելով Ծիծեռնակաբերդ՝ Ազնավուրի հրապարակից: Նշեմ ուղևորությանս ճանապարհային քարտեզը՝ Ազնավուրի հրապարակ, Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկ, Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա, Օրբելի եղբայրների փողոց, Կիևյան փողոց, «Հրազդան» կամուրջ և, վերջապես, Ծիծեռնակաբերդի հուշաբլուր: Աչքերս աշունն էին վայելում, ականջներս, զուգընթաց աշնան հրայրքին, համընթաց «բռնաբարվում» էին: Բայքերներ էին ամենուր, նրանց էլ էր երևանյան աշունը դուրս բերել փողոց: Սքանչելի է, երբ մրցարշավորդը սիրում է մայրաքաղաքը, մայրաքաղաքային գույներն ու կերպարները, նողկալի է, երբ բայքեր անվանյալները, կարծես, հատուկ նպատակ են հետապնդում՝ մի նոր նիշի վրա բարձրացնել Երևանի աղմուկի մակարդակը:

Արշավորդ-բայքերներն ուղեկցեցին ինձ Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկից, խլացրին ականջներս Բաղրամյան պողոտայում և Կիևյան փողոցում (Օրբելի եղբայրների փողոցում նրանք չկային, զի նախընտրում են կենտրոնական մայրուղիները), չխնայեցին «Հրազդան» կամրջի վրա, հետապնդեցին Ծիծեռնակաբերդի հուշաբլուրում (հուշաբլուրի վրա ինձ հետապնդում էր «Հրազդան» կամրջից բարձրացող բայքերների աղմուկ-աղաղակը): Մի խոսքով, աշնանային վայելքս փոխվեց աղմկարար հոգեվարքի: Ի՞նչ անել, ինչպե՞ս փրկվել այս ականջախայթիչ վտանգից: Անկեղծ ասած, մտածում էի, որ կարելի է հավաքել մի քանի պիրկ կաղին և դրանցով ռմբահարել բայքերների դիմակավորված գանգատուփ-գլուխները, բայց վախեցա, մտածեցի, որ կարող եմ դառնալ վթարի շարժառիթ, չէ՞ որ նրանք սլանում են 100-120 կմ/ժամ արագությամբ, արտավիժելով 100-120 դեցիբել աղմուկ:


Ի դեպ, նկատել եմ, որ հատկապես մարդաշատ խաչմերուկներում բայքերները ողջ ուժով սեղմում են մոտոցիկլետի ոտնակն ու շրջապատը ողողում ինքնաթիռի շարժիչին համազոր աղմուկով: Լավ, ո՞րն է նրանց նպատակը, հանուն ինչի՞ են օրնիբուն հերկում մայրաքաղաքը, ի վերջո, ո՞վ է նրանց ֆինանսավորում:
Նշյալ հանրային չարիքը երբևէ կարժանանա՞ ՀՀ առողջապահության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի պատշաճ ուշադրությանը:

«Զավեշտը»
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ